Գլխավոր > Հարցազրույցներ, Վերլուծություն > Հիմա բարբարոսությունից դեպի քաղաքակրթություն անցում է

Հիմա բարբարոսությունից դեպի քաղաքակրթություն անցում է

Մեր զրուցակիցն է հրապարակախոս ԱրաՆեդոլյանը

Արա, ամփոփելով 2011-ըի՞նչ եք կարծում, արդյոք կա՞ն ձեռքբերումներ քաղաքական իմաստով, թե միայն կորուստներ են: Մեր զրուցակիցները փաստում են, որ այդպես էլ մեզանում չձևավորվեց բովանդակային քաղաքականություն: Համաձա՞յն եք:

Մենք կորցնում ենք հաղթական մշուշը, մեր սեփական նորության զգացումը, քանի որ Կոնգրեսը կամ ընդդիմադիր շարժումը, հասարակական նաձեռնությունները, Ֆեյսբուքը, կամ առաջադեմ հասարակության մամուլը` Լրագիրը, Առաջինը և այլն, արդեն նորություն չենք, այն առաջին՝ ես քեզ սիրում եմ՝ ուրեմն, ես կամ-ը վաղուց արտասանած է, և եթե նորություն չենք, արդեն ուրիշ խնդիրներ են առաջ գալիս: Երբ արագ հաղթանակի տեսլականը մեզ մոտ չիրականացավ, մենք պետք է գտնենք մեզ: Մենք բոլորս նույն նավակում ենք` թե Լրագիրը, թե Առաջին լրատվականը, թե ես, թե քո շարքի բոլոր մասնակիցները, մենք պետք է գտնենք մեր քաղաքական դերը, մեր քաղաքական դեմքը` ինչ ենք մենք այս հասարակությունում այս ժամանակահատվածի համար: Այսօր մենք կարող ենք և պետք է լինենք մարդիկ, ովքեր ունեն հարցադրումներ և ունեն պատասխաններ, միայն հարցադրումների ժամանակը անցավ: Հաղթականի փոխարեն, տարածվեց պարտվողական կամ հուսահատական մշուշ, բայց դա էլ է ընդամենը հոգեբանական գործոն: Ի՞նչ է տեղի ունեցել մեր իրական քաղաքական հարթությունում

1. Մենք մեզ գտանքն այս տարի արդեն ոչ թե մեկուսի, այլ լայն համամարդկային պրոցեսի մաս, մենք տեսնում ենք, որ ամեն օր մի տեղ բռնկվում է ազատական շարժում` Ղազախստան, Ռուսաստան, Սիրիա, Հունաստան, ԱՄՆ, ամենուր, մենք տեսնում ենք, ինչ օրինաչափ ու ճիշտ էր ընթանում2. Երկարած մեր պայքարը հնարավորություն տվեց մեզ ընկալել «հաջորդ օրվա» այդ պահանջները, հստակեցնել դրանք, ու Հայ  Ազգային Կոնգրեսի մշակած ծրագրերը, Սահմանադրական ու Մշակութային հեղափոխության հայեցակարգերը մեզ ռեալ հնարավորություն են տալիս գտնվել աշխարհի առաջատար գաղափարական դիրքերին, կառուցել մնայուն ժողովրդավարական համակարգ, որը ստեղծվելուն հետ անմիջապես չի ապրի կործանարար ճգնաժամ, ինչպես որ դա տեղի է ունենում արագ հաղթանակած շարժումների հետ: ազատական շարժումը Հայաստանում, երբ դեռ աշխարհում գրեթե միակն էր, տեսնում ենք` հասարակական գիտակցության ու կազմակերպվածության համեմատական ինչ բարձր աստիճանի ենք մենք գտնվում:

3. Այժմ ստեղծված են հստակ, մշակված գաղափարական հիմքերը նորից հավաքելու մեր դեմոկրատական շարժման փշրված թվացող, առանձնացած բեկորները, հասարակությունում դեմոկրատական նոր ալիք բարձրացնելու, որն իրեն զգալու է աշխարհի միասնական հաղթական առաջընթացի գագաթը, սուրը:

Եվ մենք այսօր կարող ենք հստակեցնել` ինչ հարցադրումներ կան, ինչն ենք մենք մերժում, և ամենակարևորը՝ փոխարենը ինչ ենք մենք պնդում, ինչ ենք մենք ուզում: Ինձ թվում է`այդ դրական հարցադրումների լեզվով մենք հիմա կարող ենք խոսել և նորից ձևակերպել հասարակական դիսկուրս, այսինքն`այդ խոսակցությունները հանել էմոցիոնալ վերապրումների դաշտից և բերել հստակ դիրքորոշումների դաշտ: Մենք ունենք հսկայական հասարակական մտահոգություն կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ և ունենք արդեն պատկերացում, թե ինչպես պետք է լինի: Օրինակ` մենք բոլորս ունենք հասարակական պատկերացում, որ գործերը բանակում գնում են շատ վատ, որ բանակը չհաջողված, տապալման գնացող ինստիտուտ է: Բայց պետք է չխուսափել և ասել`փոխարենը ինչ ենք մենք պատկերացնում: Ինչո՞ւ է այդքան քիչ դա ասվում, ինչու են բողոքողները հարյուրավոր, բայց այն, որ մենք ուզում ենք անցնել պրոֆեսիոնալ բանակին, որտեղ մարդիկ ազատորեն կընտրեն բանակային լինելը, այլ ոչ թե դա հարկադրանք կլինի պետության կողմից, պետության գերություն՝ չի ասվում:

Ըստ էության, եթե այսօր չկան դրա ձևակերպումները, ապա կարո՞ղ ենք ասել չկա նաև դրա համար պատասխանատու քաղաքական խավը:

Ձևակերպումները կան:

Ովքե՞ր են ձևակերպել, որտե՞ղ է:

Հայ Ազգային Կոնգրեսը: Եվ, զարմանալիորեն, ուրիշ ոչ ոք, Կոնգրեսից բողոքող դեմոկրատները՝ ի նկատի չունեմ «Ազատ դեմոկրատներին» միայն, այլ դեմոկրատական հայացքներով կամ գոնե բնազդներով առաջնորդվող բոլոր մարդկանց՝ Վիոլետ Գրիգորյանից մինչև Աշոտ Մանուչարյան, Անի Ֆրիդոմչայլդից մինչև Րաֆֆի Հովհաննիսյան, նրանցից ոչ ոք նման աշխատանք չի տանում, չես հասկանում` իրենք ինչով են զբաղված, իսկ մեղավորը Լևոնն է: Ձևակերպումները կան, դրանք տարվում են Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների կողմից շատ հաջող կերպով: Վերջերս դատական համակարգի վերաբերյալ ձևակերպումներ եղան և այլն:

Մեր զրուցակիցները ասում են`Կոնգրեսն ընտրեց ինքնաոչնչացման ճանապարհը, և եթե տված լիներ այդ ձևակերպումները, արդյոք հասարակական լայն զանգվածներ չէր գրավի իր կողմը:

Հայ Ազգային Կոնգրեսն ըստ իր հռչակած պատկերացման` ամեն ինչ է, ինչը ավազակապետություն չէ, այսինքն` հասարակության և քաղաքական դաշտի այն մասը, որը ցանկանում է գործել ըստ սահմանադրական կարգի`  Կոնգրեսն է: Եթե Գագիկ Ծառուկյանը ցանկանում է գործել ըստ սահմանադրական կարգի, ուրեմն նա Կոնգրես է և ցանկացածը, ով բողոքում է Կոնգրեսից և այլն, ցանկանում է գործել ըստ սահմանդրական կարգի, Կոնգրես է: Հայ Ազգային Կոբգրեսն ունի մեկ դրսի օբյեկտ, որը Կոնգրես չէ, դա ավազակապետությունն է: 

Սակայն շատերը, որոնք Կոնգրես չեն, բայց նույնպես սահմանադրական կարգի, մարդու իրավունքների ջատագովներ են: Եվ որ Կոնգրեսը նախկին Կոնգրես չէ, չե՞ք նկատում:

Այդ հատվածը Կոնգրես է, բայց որպես Կոնգրես` ինքը չի ինքնակազմակերպվում, չի գալիս ու դառնում Կոնգրեսի ֆրակցիաներից կամ մարմիններից մեկը, եթե մարդիկ չեն ցանկանում ինքնակազմակերպվել, ապա ումի՞ց և ինչի՞ց են բողոքում:

Տեսակետ կա, որ ինչքան էլ ստեղծվում են ենթակառուցվածքներ, միևնույն է, որոշումը մեկ հոգի է ընդունում, համաձա՞յն եք:

Վայ, ի՞նձ ի նկատի ունեք: Չէ, հիմա, այս խոսակցության ժամանակ, միանձնյա եմ որոշում, Հայ Ազգային Կոնգրեսը ինչ է-ինչ չէ, քանի որ դե երկուսով ենք, բայց առհասարակ՝ սիրում եմ մարդկանց հետ քննարկել, իրենց մտքերն ընկալել, ընդհանուր հայտարարի գալ: Բայց էդ խոսակցությունները կան, գիտեմ, բայց աշխատում եմ ինձ վրա:

Իսկ, օրինակ, հաճախ է լինում, որ, ասենք, բնապահպանները կամ մարդու իրավունքի ակտիվիստները կազմակերպում են միջոցառում, ակցիա, այդ միջոցառմանը կանգնած են Կոնգրեսի «միսն ու արյունը», և դա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է որոշել, ոչ անգամ ես, այլ այդ մարդիկ, իսկ հետո կազմակերպիչները ասում են՝ մենք Կոնգրեսի աջակցության կարիքը չունենք:

Տեսնո՞ւմ եք`հասարակության մի զգալի հատված չի միանում Հայ Ազգային Կոնգրեսին:

Ես կասեի չի ինքնակազմակերպվում: Սա քաղաքական օրենք է, աքսիոմա: Եթե Մարիամախոտը ուզում է փրկել Հայաստանի բնությունը, նա պետք է ինքնակազմակերպվի ամբողջ հասարակության մասշտաբով, եթե մարդիկ ուզում են ինքնակազմակերպվել ֆունդամենտալ հարցերը լուծելու համար, ինչպիսին են բանակի, էկոլոգիական, տնտեսական և այլ հարցերն են, իրենք այլ ճանապարհ չունեն, քան ինքնակազմակերպվել ամբողջ հասարակության մասշտաբով: Իսկ դրա տեղը, վայրը, միջնորդը, առանցքը կա, ու վաղուց կա: Ինչպես նաև բոլոր անհատական ու խմբակային ինքնահռչակումները վաղուց ևեթ կատարվում են Հայ Ազգային Կոնգրեսի դաշտում, Կոնգրեսը քննադատելու ձևով:

Տեսակետ կա, որ տեքստեր չկան ինքնակազմակերպման, Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստերը կեղծ են, այլապես կկարողանար միավորել:

Ինչն է խանգարում Աղասի Թադևոսյանին մասնակցել տեքստերի ձևավորմանը, ես չեմ հասկանում: Նրանցից ոչ ոք տեքստ չունի: Նրանք երբեք չեն անի այն բաները, որոնց չանելու մեջ մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսին:

Լավ, մեր քաղաքականությունը արդյոք բովանդակություն ունի՞:

Հիմա բարբարոսությունից դեպի քաղաքակրթություն անցում է, այն, ինչ դրված էր Սովետական Պերեստրոյկայի հիմքում՝ գիտակցում, որ բարբարոսական է դարձել այս երկիրը և պետք է կտրուկ քայլ կատարի դեպի քաղաքակրթություն: Այդ նպատակով ստեղծեցինք ՀՀ-ն իբրև սոցիալական և դեմոկրատական պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս անցումը, սակայն, չտարածվեց կյանքի հիմնարար ոլորտներում՝ մշակութային, տնտեսական, իրավապաշտպանության և անվտանգության, բնապահպանության ու քաղաքաշինության, և հիմա շատ կտրուկ անցում է պահանջվում հենց հայեցակարգային, այսինքն՝ արմատական մակարդակով: Այսինքն` ամեն մի ոլորտ պետք է արմատապես փոխվի, վերակառուցվի այն սկզբունքների վրա, որոնք գրված են Սահմանադրությունում: Ժողովրդավար քաղաքականության սկզբունքն այն է, որ բոլորը պետք է դա ցանկանան: Հիմա մենք տեսնում ենք այդ ցանկության ապակառուցողական պակասը, այսինքն` մարդիկ, մի կողմից, չեն ցանկանում միավորվել, չեն ցանկանում ընկալել հասարակությունը որպես մեկ միասնություն, մյուս կողմից՝ չեն ցանկանում նաև ինքնահռչակվել, առանձնանալ, իրենց վրա վերցնել սուբյեկտիվ պատասխանատվություն, այսինքն` ձևավորել իրենց քաղաքական, գաղափարական, հասարակական կայուն սուբյեկտները, համայնքները, և անցնել կանոնավոր երկխոսության ու համագործակցության կայացմանը: Հենց դա արվեց՝ հավատացնում եմ Ձեզ, որ հասարակության այս արատավոր լևոնամանիան ու Հայ Ազգային Կոնգրեսի սակավաթիվ կամավորական աշխատակազմի վրա սևեռվածությունը կանցնի:

Կոնգրեսի վերջնանպատակը ո՞րն է, երբ քրեաօլիգարխիկ համակարգն է փոխել ցանկանում, մեկ էլ պարզվում է համագործակցություն է առաջարկում երկրում ամենակոռումպացված և օլիգարխիկ ուժին:

Հա, բայց մենք չենք գնում համագործացության օլիգարխի՝ իբրև օլիգարխի հետ, օլիգարխը սեփականատեր չէ, նա այնպիսի սեփականատեր է, որը սերտաճած է իշխանության հետ, երբ փողը և իշխանությունն իրար են ենթարկվում, փողը դառնում է իշխանություն, իշխանությունը` փող: Իսկ եթե օլիգարխը քանդում է իր այդ կապը իշխանության հետ, նա այլևս օլիգարխ չէ:

Ստացվում է` Ռոբերտ Քոչարյանին է՞լ եք պատրաստ ընդունել:

Բնականաբար, լինելով ՀՀ քաղաքացի, նա ունի մեզ միանալու իրավունքը, ըստ քրեական վարույթի օրենքների՝ հանցագործը կարող է մեղմել իր պատիժը /բայց ոչ պատասխանատվությունից խուսափել/, եթե գիտակցել է իր հանցագործությունը, սրտանց զղջացել, և արել հնարավորը հանցանքը բացահայտելու, մեղսակիցներին հայտնելու, ու հասարակությանը և անհատներին հասցրած վնասը հատուցելու համար:
Սիրանույշ Պապյան
Լրագիր.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն